Վարչապետը Amazon Web Services ընկերության փոխնախագահների հետ քննարկել է թվայնացման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին:
Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը: