Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ն՝ Կովիդի դեմ պայքարի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում հավանություն տվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հարցը ներկայացրեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով նշեց, որ այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության ալիքաձեւ աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու եւ հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է անընդհատ համակարգն արդիականացնել:
Այս դրամաշնորհի շրջանակնեւոմ նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնների երկու մարզային կենտրոնների՝ Արարատի եւ Արմավիրի, մասնաճյուղերի ամբողջական վերազինում եւ Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում եւ համալրում: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է: Սրա շրջանակներում կունենանք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնների ազգային ցանց»,-ասց նախարարը: