Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024 թ. հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել  ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթ, որից Արարատի մարզում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 4, Արմավիրի մարզում՝ 35, Գեղարքունիքի մարզում՝ 16, Տավուշի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 8, Սյունիքի մարզում՝ 4, Վայոց ձորի մարզում՝ 1:

«Ըստ ուսումնասիրությունների, նախնական հաշվարկներով, ապօրինի այդ վարույթներով պարզված՝ ապօրինի արդյունահանված ավազի և ավազակոպճային խառնուրդի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1.668.250,6 խմ։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, մոտ 613.387.403 ՀՀ դրամ նյութական վնաս, որից առայժմ վերականգնվել է 78.481.689 ՀՀ դրամ գումարը:

Թվարկված քրեական վարույթներից 37-ով ապօրինի արդյունահանումն իրականացվել է իրավաբանական անձանց, 16-ով՝ անհատների, իսկ 33-ով դեպքով հանցանքը կատարվել է ոչ ակներևության պայմաններում:

Նախնական տեղեկություններով՝ վերը նշված քրեական վարույթներից 36-ով արդյունահանումն իրականացվել է ձեռնարկատիրական նպատակով, 17-ը՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով, իսկ 33-ով՝ դեռևս պարզված չէ:

Քննվող քրեական վարույթներից 7-ով պարզվել է, որ ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման գործընթացը քողարկվել է ձկնաբուծարանների կառուցման, կամ մաքրման, կամ լճերի մաքրման, կամ այլ գյուղատնտեսական գործունեության անվան տակ:

Երկու դեպքով, հողհատկացման հետ կապված, քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում), որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում երկու համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ (դրանցից մեկն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե):

Ավազահանքերից, քննիչների հանձնարարությամբ, դուրս է բերվել և որպես իրեղեն ապացույց, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ավազի ապօրինի արդյունահանմանը ներգրավված 75 տրանսպորտային միջոցներ։

Ընթացիկ վարույթներով ավազի ու ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի ստույգ չափերը, հողի դեգրադացման հանգամանքները և շրջակա միջավայրին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննութ­յուններ, որոնց եզրակացություն­ները դեռևս չեն ստացվել: Հիշյալ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո հնարավոր կլինի լուծել ավազի և ավազակոպճի ապօրինի արդյունահանմամբ զբաղված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը:

Այդուհանդերձ, դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է, որ, մասնավորապես, Արաքս գետի ավազանում առանձին գոտիներում իրականացված ապօրինի ավազաարդյունահանումը հանգեցրել է հողի որակի վատթարացման, ինչպես նաև տեղի է ունեցել Արաքս գետի հունի փոփոխություն:

Ընթացիկ քրեական վարույթներից 2-ով՝ 3 անձի նկատմամբ, հարուցված է հանրային քրեական հետապնդում, 4 քրեական վարույթ՝ 5 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն