Անահիտ Մանասյանը Բունդեսթագի պատվիրակությանն է ներկայացրել Պաշտպանի գործունեության ուղղությունները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը: Հատուկ ընդգծվել է «Կոնրադ Ադենաուեր», միջազգային Իրավական Համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամների և ՄԻՊ աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, հատուկ անդրադարձ է կատարվել անձամբ Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։
Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականությանը։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կալանքի ինստիտուտի կիրառմանը, ոստիկանության բարեփոխումների կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։
Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերին իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։