ԱՄՆ-ում ազդեցիկ գործարարները կոչ են արել վերսկսել առեւտրական բանակցությունները Չինաստանի հետ
ԱՄՆ-ի մի խումբ ազդեցիկ գործարարներ դիմել են երկրի վարչակազմին, կոչ անելով՝ վերսկսել առեւտրական բանակցությունները Չինաստանի հետ եւ նվազեցնել ներմուծման սակագները, որոնք, նրանց կարծիքով, արգելակում են ԱՄՆ-ի տնտեսության զարգացումը: Այդ մասին, գրում Է The Wall Street Journal-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նամակում, որն ուղղված Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Քեթրին Թային եւ ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենին, գործարարները պնդում են, որ Պեկինը կատարել Է Չինաստանի հետ նախորդ վարչակազմի կնքած առեւտրական համաձայնագրով նախատեսված «կարեւոր պարտավորությունները», ներառյալ շուկաների բացումը ԱՄՆ-ի ֆինանսական հաստատությունների համար եւ առանձին նորմատիվային արգելքների մեղմացումը ԱՄՆ-ի գյուղատնտեսական արտադրանքի՝ Չինաստան արտահանման համար:
The Wall Street Journal-ը գրում Է, որ նամակի բովանդակությունն «արտացոլում Է ամերիկյան մի շարք կորպորացիաների աճող հիասթափությունը Չինաստանի նկատմամբ առետրական եւ տնտեսական քաղաքականության՝ վարչակազմի կողմից վերանայման տեմպերից»: «Մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական հարցերի շուրջ հետագա փոխգործակցությանը»,-ասվում Է նամակում: Դրա հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք Է բանակցություններ սկսի այն հարցերի շուրջ, որոնք տեղ չեն գտել գործարքի առաջին փուլում, ներառյալ պետական սուբսիդիաները, պետական գնումները, կիբեռանվտանգությունը եւ թվային առեւտուրը:
Բացի այդ, գործարար շրջանները կոչ են անում ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչությանը՝ ընկերությունների համար բացառություններ անել մի շարք ապրանքների սակագների հարցում եւ չինական ապրանքների սակագների նվազման գործընթաց սկսել ընդհանուր առմամբ: Նրանք միեւնույն ժամանակ նշել են. «Մենք ընդունում ենք, որ սակագների լիակատար կարգավորումը քիչ հավանական Է, եթե Չինաստանը հիմնական հարցերի շուրջ չձգտի հասնել զգալի առաջընթացի»,-ասվում Է նամակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: