ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր
Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:
Նախքան Ազգային ժողովում նրա թեկնածությունը ներկայացնելը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պարզաբանեց, թե ինչպես է առաջադրվել Բալայանի թեկնածությունը:
2024 թվական հունվարի 4-ին դադարել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները, և ՍԴ նախագահը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար: Թեկնածուի ընտրության նպատակով փետրվարի 2-ին հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցել են ՀՀ-ում գործող 314 դատավորներից 283-ը:
Կարգի համաձայն՝ ՍԴ դատավորի թեկնածու կարող է ինքնառաջադրվել, նաև առաջադրվել այլ դատավորի կողմից: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի կողմ ձայները:
Որպես ՍԴ թեկնածու՝ ինքնաառաջադրման եղանակով իրենց թեկնածություններն են առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քերական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը և վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը:
«Ընտրությունն իրականացվել է գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 100 դատավոր, Դավիթ Բալայանի թեկնածությանը՝ 158 դատավոր, իսկ Արմեն Ներսիսյանի թեկնածությանը՝ 12 դատավոր: Արդյունքում Դատավորների ընդհանուր ժողով կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Կիմի Բալայանը»,- ասաց Լիլիթ Թադևոսյանը: