Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2024 թվականի փետրվարի 28-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների 2023 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ժորա Թովմասյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում գրանցվել է հանցագործության 1736 դեպք՝ 2022 թվականի 2212 դեպքի դիմաց. արձանագրվել է հանցագործության դեպքերի նվազում՝ 476-ով կամ 21,5%-ով: 2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին 57 դեպքով կամ 10%-ով նվազել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 33 դեպքով կամ 13,5 %-ով աճել են ծանր հանցագործությունների դեպքերը, 43 դեպքով կամ 67,2%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

2023 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 414 դեպքով կամ 42,6%-ով՝ կազմելով 558 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 972 դեպքի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում 36 դեպքով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը (2023 թվականին՝ 48 դեպք, 2022 թվականին՝ 84):

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է՝ 10 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 5 դեպքի դիմաց: 2023 թվականի ընթացքում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 249 քրեական վարույթ` 275 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 131 քրեական գործ` 155 անձի վերաբերյալ):

2023 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններից 2-ով, որոնք վերաբերել են թիվ 188 հիմնական դպրոցին և թիվ 207 մանկապարտեզին, դատախազի հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2558 դեպք՝ 2022 թվականի 2696 դեպքի դիմաց (138 դեպքով կամ 5.1%-ով պակաս):

Հաշվետու տարում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 371 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 411 դեպքի դիմաց: 2023 թվականին գրանցվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 998 դեպք (2022 թվականին՝ 1359 դեպք):

2023 թվականի ընթացքում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 353 դեպք` 2022 թվականի 153 դեպքի դիմաց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 267 քրեական վարույթ՝ 276 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 206 գործ (վարույթ)՝ 219 անձի վերաբերյալ):

Վարչական շրջանի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2023 թվականին դատարան է ներկայացվել 13 հայցադիմում և 1 գույքային հայց (2022 թվականին՝ 1 հայցադիմում): Հայցադիմումներից մեկով վիճարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավարի կողմից «Շողեր» մսուր-մանկապարտեզի օտարման գործընթացը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն