Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն անցկացնել. լրատվամիջոց
Թուրքիան կարող է ամռանը Հյուսիսային Իրաքում խոշոր ցամաքային գործողություն իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ ստանալով Բաղդադի և Էրբիլի համաձայնությունը: Այս մասին գրել է թուրքական Hürriyet թերթը:
Թերթի տվյալով՝ Թուրքիան արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրաքի կենտրոնական ղեկավարության և Էրբիլի վարչակազմի հետ։ Նշվում է, որ գործողության ծրագրի համաձայն՝ թուրքական ցամաքային զորքերը պետք է ոչնչացնեն գրոհայինների բոլոր օբյեկտները Հյուսիսային Իրաքում և ամբողջությամբ անվտանգ դարձնեն 378 կմ սահմանը։ Նաև նախատեսվում է մշտական վերահսկողության տակ վերցնել Իրաքի Գարա շրջանը, որտեղ գտնվում են ՔԱԿ-ի մեծ թվով բազաներ և սահմանի երկայնքով մինչև 40 կմ խորությամբ ստեղծել անվտանգության գոտի։
Նշվում է, որ նոր գործողության մեկնարկից առաջ թուրքական զորքերը նախապատրաստական աշխատանքներ են կատարում:
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ «այս ամռանը վերջնականապես կլուծի Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը»: