Հաիթիի վարչապետը հրաժարական կտա ավազակախմբերի կողմից մայրաքաղաքի մեծ մասը գրավելու ֆոնին
Հաիթիի վարչապետ Արիել Անրին հրաժարական կտա այն ֆոնին, երբ ավազակախմբերը գրավել են մայրաքաղաք Պորտ օ Պրենսի մեծ մասը և գրոհել կառավարական շենքերը: Այս մասին հայտարարել է Գայանայի նախագահ Իրֆաան Ալին Ջամայկայում Կարիբյան համայնքի (CARICOM) երկրների ներկայացուցիչների բանակցություններից հետո։
Ըստ Իրֆաան Ալիի, որին մեջբերում է AP-ն, Արիել Անրին հրաժարական կտա «անցումային նախագահական խորհրդի ստեղծումից և ժամանակավոր վարչապետի նշանակումից հետո»։ Անրիի խորհրդական Ժան Ջունիոր Ժոզեֆը հաստատել է հրաժարականը CNN-ի հետ զրույցում։ Նա ընդգծել է, որ հեռացող վարչապետը կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել ժամանակավոր կառավարությունը։
25 երկրից բաղկացած տարածաշրջանային CARICOM բլոկը երկուշաբթի Հաիթիի վերաբերյալ հանդիպում է անցկացրել Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում։ Բանակցությունների ընթացքում Ջիմի Շերիզիեն, որը համարվում է երկրի ամենահզոր հանցախմբի ղեկավարը, լրագրողներին ասել է, որ եթե միջազգային հանրությունը շարունակի իր ներկայիս ուղին, «այն Հաիթիին հետագա քաոսի մեջ կմտցնի», նշում է AP-ն:
Հաիթիի ավազակախմբերը, որոնք պատերազմ են հայտարարել վարչապետ Արիել Անրիին, անցած երեքշաբթի հարձակվել են երկրի ոստիկանական ակադեմիայի և գլխավոր օդանավակայանի վրա. Անրիի ինքնաթիռը, որը վերադառնում էր արտասահմանյան շրջագայությունից, ստիպված վայրէջք էր կատարել հարևան Պուերտո Ռիկո կղզում։
Ինը ավազակախմբերից բաղկացած կոնգլոմերատի ղեկավար, նախկին ոստիկան Ջիմի Շերիզիեն՝ հավաքել է լրագրողներին և ասել, որ եթե վարչապետը չհեռանա, երկրում պատերազմ կսկսվի։
«Եթե Արիել Անրին հրաժարական չտա, եթե միջազգային հանրությունը շարունակի աջակցել նրան, ապա մենք կսկսենք ուղիղ շարժվել դեպի քաղաքացիական պատերազմ, և դա կհանգեցնի ցեղասպանության»,- ասել էր Շերիզիեն, որը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է մարդու իրավունքների խախտումների համար:
Երեքշաբթի վաղ կեսօրին խմբավորումները հարձակվել են Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում գտնվող ոստիկանական ակադեմիայի վրա, որտեղ սովորում է ավելի քան 800 կուրսանտ: Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը հետ է մղվել։
Հաիթիի վարչապետ Արիել Անրին անցած շաբաթ նախ մեկնել էր Հարավային Ամերիկայի Գայանա տարածաշրջանային ֆորումին, ապա Քենիա՝ համաձայնագիր ստորագրելու միջազգային ոստիկանական-ռազմական կոնտինգենտը Հայիթի ուղարկելու մասին, որը կսկսի պայքարել ավազակախմբերի դեմ, որոնք վաղուց գրավել են ամբողջ մայրաքաղաքը։
Վարչապետի բացակայության ժամանակ Շերիզիեն պատերազմ է հայտարարել նրան։