Եղանակը նպաստավոր է այգեբացի համար
Արմավիրի մարզում խաղողի այգիները գրեթե 7000 հա-ի են հասնում, որից տեխնիկական սորտերը 5000 հա, իսկ մնացածը սեղանի սորտեր են: Կոնյակի ու գինու հումքի տեխնիկական սորտերը մթերվում են գործարաններում, իսկ սեղանի խաղողը վաճառվում է շուկայում կամ արտահանվում: Այգեգործներն արդեն սկսել են խնամել խաղողի վազերը, սակայն քիչ չեն նաև այգուց հրաժարվողները։ Պատճառը, ասում են, իրացման ցածր գինն է:
Եղանակների տաքացման հետ Արմավիրի մարզում սկսվում են այգեբացի աշխատանքները: Խաղողի վազերը ցրտից պաշտպանելու նպատակով նոյեմբերից պահում են հողի տակ, գարնանը՝ հանում: Այգեգործները գարնանն ուշի ուշով են հետևում ջերմաստիճանի սանդղակին ու հետևություններ անում:
«Այգեթաղը սկսում ենք նոյեմբերի վերջից, բացելը՝ մարտին կամ փետրվարի վերջին, նայած՝ եղանակի, նայած՝ տարվա: Եթե եղանակը տաք է լինում, շուտ ենք բացում, որպեսզի վազերը հողի տակ չփտեն, իսկ երբ ցուրտ է լինում, մարտի կեսերից ենք բացում: Այս տարի եղանակը տաք է, և շուտ են բացել այգիները, չնայած դեռ ցրտահարության վտանգ կա»:
Զրուցակիցս Արգավանդ գյուղի բնակիչ Սուսաննա Միսակյանն է, թոշակառու: Երկար տարիներ զբաղվում է այգեգործությամբ, խաղող է մշակում և՛ տնամերձ հողամասում, և՛ սեփականաշնորհված այգում: Չնայած առողջական խնդիրներին՝ շարունակում է հոգ տանել այգու մասին: Գյուղատնտեսական աշխատանքների դժվարություններից չի ընկրկում, ասում է՝ ավելի լավ է զգում, երբ հողի հետ է շփվում, բայց անցած տարի խողողի այգուց քիչ եկամուտ է ստացել։
«Մեր այգին 2000 քմ է, լրիվ «իծան պտուկ» (շահումյան սորտ) խաղող է, անցած տարի հիվանդությունն ընկավ վազերի մեջ, քանի որ բուժանյութերն անորակ էին, ու բերք չստացանք: Այս տարի հույսներս դրել ենք սրա վրա, որ բանկերի տոկոսները փակենք: Բայց այս երկու տարին այգուց եկամուտ չենք ստանում, գումար չի լինում, բանվոր չենք բերում ու չենք թաղում այգին: Հենց այդպես էլ թողնում ենք»:
Քանի որ վազերը թաղված չէին, այգու աշխատանքները շուտ են սկսել. էտել են, մաքրել, որպեսզի անցնեն մյուս գործողություններին՝ ձգեն լարերն ու կապեն շիվերը:
Սիրեկան Հակոբյան. «Ճյուղերը նոր բերքատու շիվեր են տալիս: Օրինակ՝ սա հին ճյուղ է, խաղող չի բռնի, խաղողն այս սրանք կտան՝ 1, 2, 3 հատ աչքեր կան: Հնարավոր է, որ այս մի փոքր թևը 1 կգ խաղող տա: Մոտ 6 անգամ սրսկում ենք, տերևաթափ ենք անում, հետո բերքը տանում ենք շուկա, վաճառում»:
Սուսաննա Միսակյան. «Անցած տարվա բերքատու ճյուղերն ենք էտել, մանրացնում ենք, որ խրձեր կապենք: Մաքրում ենք այգին, որ նոր շիվեր աճեն»:
Շուտ են էտել, բայց միևնույն ժամանակ վախեցել են եղանակի տատանումից: Վերջին երկու շաբաթվա ընթացքում գիշերը ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել: Արգավանդ գյուղից Հովհաննես Մաթևոսյանը խաղողի սեղանի սորտերին զուգահեռ նաև տեխնիկական՝ գինու հումք հանդիսացող խաղողի մեղրաբույր սորտն է աճեցնում: Վստահեցնում է՝ եղանակը դեռ նպաստավոր է ու խաղողին վտանգ չի սպառնում:
«Եթե ջերմաստիճանը նվազի մինչև -10, -15 աստիճան ու պահպանվի մոտ 3-4 օր, ապա խաղողը կցրտահարվի, իսկ եթե -5, -6 աստիճան է ազդեցություն չի ունենա խաղողի բերքի վրա: Դա բարենպաստ եղանակ է»:
Այգեգործները, տարիների փորձից ելնելով, ասում են, որ էտված ճյուղերը ցրտահարվելու դեպքում բերքատվությունը հետ է ընկնում: Խաղողի այգիներ քանդողներ կան: Հովհաննես Մաթևոսյանը սրտի ցավով է խոսում այդ մասին, քանի որ տանջանքով է այգին հիմնվում:
«Մեր փողոցի վրա անխղճավարի լավ այգիներ են քանդել՝ սև ու սպիտակ իծան պտուկ (արմենիա և շահումյան սուրտեր), քիշմիշներ: Ես գնում, տեսնում եմ ու սիրտս ցավում է: Պատճառը խաղողի իրացման ցածր գներն են: 130 դրամով մարդ չի կարողանում թույն առնի, սրսկողին գումար տա: Պատահում է, որ հիվանդության դեմ 20 օրը մեկ անգամ սրսկում են այգին»:
Սեղանի նշված սորտերը շուկայում այգետերերը վաճառում են 1 կգ-ը 120-150 դրամով, իսկ տեխնիկական սորտերը՝ 90-130 դրամով: Խաղողի այգիների մշակությունն ավելի մեծ ներդրումներ է պահանջում, քան իրացումից ստացվող գումարն է: