Գլխավոր դատախազությունը պահանջում է ՍՊԸ-ի բաժնետիրոջից և վերջինիս որդուց բռնագանձել 1,1 մլրդ դրամ, տրանսպորտային միջոցներ
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական երկու հայցադիմումը:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռոբերտ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
1 տրանսպորտային միջոց.
- 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
- 631 մլն 572 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 561 մլն 530 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմումով պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մ.Ձ Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Տիգրան Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
1 տրանսպորտային միջոց.
- 111 մլն 973 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 45 մլն 652 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: