Եվրոպական խորհրդարանի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավոր դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 7.12.2021 թ.՝ իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պաշտոնական նամակում։

Եվրապատգամավորները հիշեցրել են, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մի շարք եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ, արձաններ ավերվել են, օտարվել, իսկ հայկական արձանագրությունները ջնջվել են: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել որևէ իրավախախտում և պատասխանատվություն կրել այդ հանցագործություններից որևէ մեկի համար:

«Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է գիտակցաբար ժխտել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության գոյությունը։ Դա պետության կողմից հովանավորվող քաղաքականություն է»,- նշված է նամակում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանի համար վերջնաժամկետ սահմանելը՝ փաստահավաք միջազգային աշխատանքային խմբի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը տարածաշրջան թույլատրելու համար: Նրաք կոչ են արել նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքը, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, ապահովել ԼՂ հայկական մշակութային ժառանգության յուրաքանչյուր օբյեկտի վրա վերահսկողություն 24/7 ռեժիմով: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն