Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը:



Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել. «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար։ Եվս մեկ անգամ, բարի գալուստ»։



Իր հերթին, Ենս Ստոլտենբերգը նշել է. «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը, ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերին՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում»։

Վարչապետ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և մեր երկրի խաղաղ ձգտումներին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Ենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է.

«Հարգելի՛ պարոն գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ենս Ստոլտենբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ձեր առաջին այցն է Հայաստան։ Այն լավ հնարավորություն է՝ կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ կայունության և անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը Դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը», շուտով կհաստատվի: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները:

Մենք մեծապես կարևորում ենք նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի (KFOR) առաքելությունում, և ինչպես տեղյակ եք, 2023թ. հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն իրավիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով։

Արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաև խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստերին և Ռոուզ Ռոթ սեմինարներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը: Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, չափազանց կարևոր են և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ:

Պարոն Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը և մոտեցումները։ Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու համար 1991թ. ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ նաև թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացնող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը:

Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաև 1991թ. Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչև օրս։

Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա:

Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։ Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված ուժերի պաշտպանական կարողությունները՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Ամփոփելով՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ, արդյունավետ քննարկումների համար։

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն և հաճույքով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է.

«Շատ շնորհակալություն, վարչապետ Փաշինյան, հարգելի Նիկոլ:

Շատ ուրախ եմ կրկին Ձեզ տեսնել և ուրախ եմ, որ Երևանում եմ, Ձեզ հետ: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Երևան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Նախևառաջ բարձր եմ գնահատում Ձեր անձնական առաջնորդությունը, այն, որ Դուք հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին, միանշանակորեն հանձնառու եք ժողովրդավարական արժեքներին:

Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում ու դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին: Մոտ 20 տարի է Հայաստանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության կարևորագույն գործընկերներից է՝ օգնելով անվտանգ և ապահով միջավայր երաշխավորել Կոսովոյում բնակվող բոլոր համայնքների համար: Եվ ես ողջունում եմ ձեր զինծառայողների մասնակցության ավելացումը վերջին տարիներին:

Այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առաջ:

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և ձեր ժողովուրդների տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին:

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով:

Այսօր մենք խոսեցինք նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին: Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում:

Հարգելի վարչապետ,

Կրկին շնորհակալություն ջերմորեն ինձ հյուրընկալելու համար և Ձեր երկրի և տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված Ձեր աշխատանքի համար: Լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում և տարածաշրջանից անդին: Շնորհակալություն»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն