Միջուկային զենքի չօգտագործման միակ երաշխիքը դրա լիակատար ոչնչացումն է. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը խորապես անհանգստացած է առանց միջուկային զենքի աշխարհի նպատակին հասնելու առաջընթացի բացակայությամբ։ Միջուկային զենք ունեցող պետություններն արդիականացնում են իրենց զինանոցները վերջին տարիներին, ինչն առաջ է բերել սպառազինությունների նոր մրցավազք։ Այս մասին ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեսաուղերձում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողության ժամանակ։
«Ռուսաստանի եւ ԱՄՆ որոշումները՝ երկարացնել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ) երկար սպասված առաջին քայլերն են միջուկային աղետի ռիսկի նվազման ճանապարհին։ Ես կոչ եմ անում միջուկային զենք ունեցող բոլոր պետություններին ռիսկի նվազեցման միջոցներ ձեռնարկել՝ անհատական եւ համատեղ։ Մենք երբեք չենք կարող հավուր պատշաճի ընկալել միջուկային զենքի օգտագործումն արգելող նորմերը։
Ես նաեւ թախանձագին կոչ եմ անում կառավարություններին օգտագործել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության քննարկման 10-րդ կոնֆերանսը միջուկազերծ աշխարհին իրենց հավատարմությունն ամրապնդելու համար։ Միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա լիակատար ոչնչացումն է»,- նշել է նա։