ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար
Միացյալ Նահանգները որպես օգնություն 2024 թվականին 228 միլիոն դոլար է հատկացրել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պաշտպանական ներուժի ամրապնդման համար:
Այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
«ԱՄՆ-ն Լիտվայի ռազմավարական գործընկերն է և Բալթյան տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գլխավոր դաշնակիցներից մեկը: Ամերիկացիները չափազանց ակտիվ մասնակցություն են ունենում Բալթյան երկրներում անվտանգության միջոցառումների իրականացման գործում՝ ամրապնդելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է Լաուրինաս Կասչյունասը։
Նախարարության տվյալներով` գումարի մեկ երրորդը հատկացվելու է Լիտվային․ դրամական միջոցները կուղղվեն զինված ուժերի կարողությունների կատարելագործմանը` հակաօդային պաշտպանության և հրետանային ներուժի ամրապնդմանը, զինամթերքի գնմանը։
2023 թվականին ԱՄՆ-ն ֆինանսավորման տարբեր մեխանիզմներով միայն Լիտվային մոտավորապես 200 միլիոն դոլար է հատկացրել։