Ստացվել են Կրոկուսի վրա հարձակվողների և ուկրաինացի ազգայնականների միջև կապի ապացույցներ. ՌԴ քննչական կոմիտե
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս սիթի հոլի» վրա հարձակված ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ` հայտարարել են ՌԴ Քննչական կոմիտեից: «Հետաքննության նախնական արդյունքները լիովին հաստատում են ահաբեկիչների գործողությունների պլանավորված բնույթը, մանրակրկիտ նախապատրաստումը և հանցագործության կազմակերպիչների ֆինանսական աջակցությունը»,- նշել է կառույցը։
«Ձերբակալված ահաբեկիչների հետ աշխատանքի, նրանցից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում ապացուցվել է նրանց կապն ուկրաինացի ազգայնականների հետ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների թարմացված ցուցակը։ Մարտի 27-ի դրությամբ զոհերի ցուցակում կա 143 անուն։ Ցանկը համակարգում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը և ճշգրտվում դատաբժշկական հետազոտությունների տվյալների հիման վրա: