Չմոռանալ քաջերին, հիշել նրանց անուն առ անուն, և սերունդներին ի պահ տալ հայ Զինվորի անհավանական ու հերոսական սխրանքները: Սա է մեր սրբազան պարտքը:
Չմոռանալ քաջերին, հիշել նրանց անուն առ անուն, և սերունդներին ի պահ տալ հայ Զինվորի անհավանական ու հերոսական սխրանքները: Սա է մեր սրբազան պարտքը: Արցախյան 44-օրյա պատերազմում ԵՕՀՊՄ քոլեջի 25 մարզիկի Օլիմպիական չեմպիոն դառնալու բաղձալի երազանքը փշրվեց. հերոս տղաներն ընկան Հայրենիքի փրկության անձնուրաց պայքարում: Աննկարագրելի տառապալից օրերն անցյալ չեն դառնում, ցավն ամենուր է և անամոքելի: ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի աջակցությամբ դպրոցի նախասրահում դեռևս երկու ամիս առաջ բացվեց <Փառքի սրահ>՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված Զինվոր-սաների հիշատակին: Այնուամենայնիվ, Վ. Գալուստյանի միտքն անհանգիստ էր. քոլեջը պետք է ունենար իր հերոսներին նվիրված հուշակոթող: Ահավասիկ, մարզչական և հասարակական մեծ գործիչ, ԵՕՀՊՄ քոլեջի նախկին տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը ստանձնեց հուշակոթողը կյանքի կոչելու պատասխանատվությունը: Նրա միջնորդությամբ այն կիրագործվի սանկտ պետերգբուրգցի մեր հայրենակից, բարերար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ: Նախօրեին ԵՕՀՊՄ քոլեջում կայացավ Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված սաների հիշատակին նվիրված հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը՝ օրհնությամբ Տեր Շահե քահանա Հայրապետյանի և մասնակցությամբ՝ զոհված սաների ծնողների, բարերար Հրաչյա Պողոսյանի, Դ. Գաբրիելյանի և քոլեջի ողջ աշխատակազմի՝ ի դեմս Վ. Գալուստյանի: Հուշակոթողի նախագծի հեղինակը ճարտարապետ Աշոտ Դավոյանն է, իսկ քանդակագործը՝ Արտակ Համբարձումյանը: Այն նախատեսվում է ավարտել մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցը: