Թուրքիայի արևելքում ընտրություններից հետո ակցիաներին մասնակցելու համար 89 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը 89 մարդու է ձերբակալել արևելյան և հարավարևելյան մի քանի նահանգում տեղական ընտրություններից հետո չարտոնված բողոքի ցույցերին մասնակցելու համար, հայտնում է Թուրքիայի ՆԳՆ-ն։
Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Վան, Հաքարի, Դիարբեքիր, Սիրթ, Բաթման, Բիթլիս, Շըրնաք և Իզմիր նահանգներում։
Ըստ լրատվամիջոցների՝ ցույցերը կապված են ինչպես արևելյան որոշ շրջաններում ընտրություններում քրդամետ «Դեմ» կուսակցության թեկնածուների հաղթանակի, այնպես էլ Վանի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Իշխանությունները Վանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում հաղթած ընդդիմադիր թեկնածու Աբդուլլահ Զեյդանին զրկել են այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքից՝ ընտրվելու համար իրավական հիմքերի բացակայության պատճառով։ Քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի իշխող կուսակցության թեկնածուն:
Վանի նահանգապետը որոշում է կայացրել 15 օրով արգելել ցանկացած ցույց ու հավաք՝ ինչպես փողոցներում, այնպես էլ փակ տարածքներում։ Նման որոշում է կայացրել նաև Բիթլիսի նահանգապետը։ Սիրթ նահանգի ղեկավարությունն էլ Փերվարի շրջանում տեղի ունեցած անկարգություններից հետո անժամկետ պարետային ժամ է հաստատել։