Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանում լեզվակռիվ է սկսվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի և ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլու միջև այն բանից հետո, երբ ընդդիմադիրն օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն անվանել է ռուսականի կրկնօրինակը։

Չորեքշաբթի ավելի վաղ Մդինարաձեն ասել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է վերականգնել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը լայնածավալ անկարգություններ է առաջացրել անցյալ տարվա մարտին։ Նրա խոսքով, այս անգամ օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կօգտագործվի «օտարերկրյա տերության շահերն առաջ մղող կազմակերպություն» տերմինը։

Մդինարաձեի խոսքով՝ նախաձեռնության միակ նպատակն է տարեկան ֆինանսական հաշվետվություններ պահանջել օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպություններից։

Նա հիշեցրել է, որ նման օրենք ունեն  ԱՄՆ-ը, Իսրայելը, Ավստրալիան, այդ հարցը քննարկվում է Եվրամիությունում և զարմանք է արտահայտել, թե ինչու այդ օրենքը կարող է փակել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա:

Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ համոզված է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը կօգնի ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ-ներին) իրենց ֆինանսական մուտքերը դարձնել ավելի թափանցիկ։

Իսկ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին զգուշացրել է, որ կանջատի այն պատգամավորների խոսափողը, որոնք կհայտարարեն, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը «ռուսական» է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն