116,6 մլն դրամ՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար
ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով:
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև գույքի ձեռքբերման նպատակով:
Որոշման արդյունքում կբարելավվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքային պայմանները՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների առումով։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Այսպիսով՝ առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, իսկ երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: