Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 291 ԱԹՍ խոցելու, իսկ Ուկրաինան՝ ռուսական ԱԹՍ-ների հարվածների մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները վերջին մեկ օրվա ընթացքում 291 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։
Հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել են ուկրաինական 291 անօդաչու թռչող սարքեր, ֆրանսիական արտադրության 3 Hammer ավիացիոն կառավարվող ռումբեր և 4 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ արկեր», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ջախջախվել են հակառակորդի անձնակազմն ու զինտեխնիկան 117 շրջաններում:
Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը ապրիլի 8-ի ցերեկը հարվածել են Զապորոժիեում գտնվող արդյունաբերական օբյեկտի, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Իսկ Դնեպրոպետրովսկի Նիկոպոլ քաղաքի գնդակոծության հետևանքով, ըստ շրջանային զինվորական վարչակազմի ղեկավարի՝ վիրավորվել է 2 մարդ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնել է, որ գիշերը ռուսական կողմն Ուկրաինայի վրա արձակել է 24 անօդաչու թռչող սարք, որոնցից 17-ը խոցվել են։