Բլինկենը Վաշինգտոնում ընդունել է Իսրայելի ընդդիմության առաջնորդին
Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Նրանց զրույցի հիմնական թեման Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների մոտ պահվող պատանդների ազատ արձակումն էր։
«Այսօր ես Վաշինգտոնում հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, մենք քննարկեցինք առևանգվածներին վերադարձնելու միջազգային ջանքերը: Ես պետքարտուղարին ասացի, որ Իսրայելի բոլոր քաղաքացիները միասնական են՝ կոչ անելով վերադարձնել առևանգվածներին։ Միջազգային հանրության հետ միասին մենք չպետք է հանգստանանք, քանի դեռ չենք տեսել բոլորի տուն վերադառնալը»,- գրել է Լապիդը X-ում։
Լապիդը գլխավորում է կենտրոնամետ Yesh Atid կուսակցությունը, որն ունի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը Կնեսետում (խորհրդարան): Նա Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին և այն կորցրել է այդ տարեվերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո՝ պարտվելով կառավարության ներկայիս ղեկավար Բենիամին Նեթանյահուին: