ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրգանիզմում ացետամինոֆենի (պարացետամոլի) տարրալուծումը կարող է հանգեցնել օքսիդացնող սթրեսի և սրտի համար վտանգավոր տոքսինների կուտակման։ Աշխատանքի արդյունքները ներկայացված են Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության (APS) կայքում։

Համարվում է, որ պարացետամոլի՝ բազմաթիվ ցավազրկողների ակտիվ բաղադրիչի օգտագործումը վնասակար կողմնակի ազդեցությունների վտանգ չի կրում, ուստի այն հաճախ նշանակվում է արյան բարձր ճնշում կամ սրտի հիվանդություն ունեցող մարդկանց ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի փոխարեն, ինչպիսին է իբուպրոֆենը:

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք պարացետամոլն իսկապես անվտանգ է։ Նրանք գիտափորձ են անցկացրել լաբորատոր մկների մասնակցությամբ, որոնց մի մասին չորս շաբաթ շարունակ ացետամինոֆեն պարունակող ջուր են տվել, իսկ մյուս մասին միավորել են վերահսկող խմբում։

Յոթ օր անց գիտնականները պարզել են, որ պարացետամոլ ստացած մկների օրգանիզմում զգալի անցանկալի փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված էներգիայի արտադրության կենսաքիմիական ուղիների, հակաօքսիդանտների և բջջային «աղբի» հեռացման հետ: Մասնավորապես, պարացետամոլի օգտագործումն ազդել է 20 տարբեր ազդանշանային ուղու վրա:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս դեղամիջոցի երկարաժամկետ օգտագործումը միջին և բարձր չափաբաժիններով կարող է սրտամկանի հետ կապված խնդիրներ առաջացնել օքսիդացնող սթրեսի և պարացետամոլի տարրալուծման ընթացքում օրգանիզմում տոքսինների կուտակման հետևանքով: Այնուամենայնիվ, այս եզրակացությունների ճշտությունը հաստատելու համար մարդկանց մասնակցությամբ ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն