Ռազմական բախումներն անխուսափելի են․ փորձագետ
Սահմանին այս գիշեր էլ խաղաղ չի եղել։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ երեկ ժամը 23-ի սահմաններում, ադրբեջանական բանակը կրակ է բացել Սյունիքի մարզի Արավուսի և Խոզնավար գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտումների մասին հաղորդագրությունները վերջին օրերին հաճախակի են դարձել։
Հայաստանի ՊՆ-ն ստիպված է լինում օրական մի քանի անգամ հերքել ադրբեջանական ապատեղեկատվությունը և պարզաբանել, որ ադրբեջանական կողմից է հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացվել։ Կրակոցներին զուգահեռ հայկական ու ադրբեջանական կողմերը Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկներ են փոխանցում ։ Նածագիծն արդեն 8-րդ խմբագրության փուլում է։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև մոտ ապագայում Խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը փոքր է՝ ասում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով իրավիճակը, երբ մի կողմից Բաքուն առաջարկեր է փոխանցում Երևանին, մյուս կողմից՝ կրակում հայկական դիրքերի ուղղությամբ։
ԱԳՆ-ն նախօրեին է տեղեկացրել, որ Հայաստանը պատասխանել է Խաղաղության պայմանագրի նախագծի 8-րդ խմբագրության վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին։
Խոսելով փաստաթղթի նախագծի հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունների մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք կետերով փոխադարձ համաձայնություններ ունեն, բայց երկու հիմնական հարցերում կողմերի պատկերացումները դեռ հեռու են իրարից։ Խոսքն, ըստ արտգործնախարարի, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացի և ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵՄ խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում էլ Արարատ Միրզոյանը հստակեցրել է, որ խաղաղության հասնելու հնարավորությունը ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:
Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, որ գործընթացն առաջ գնալ չի կարող և դրա համար մատնանշում է երկու պատճառ՝
«Հենց սկզբից էլ վստահ եմ եղել, որ այդ «Խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվելու, քանի որ ակնհայտ է, որ Բաքուն չի ուզում ստորագրել «Խաղաղության պայմանագիր» երկու պատճառով։ Առաջին՝ Ալիևը խոսք է տվել Պուտինին, որ արևմտյան հարթակներում չի ստորագրելու այդ պայմանագիրը, այլ ստորագրելու է միայն ռուսական հարթակնում, իսկ հայկական կողմն էլ ցանկանում է, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի արևմտյան հարթակում և որ այդ պայանագիրը ունենա միջազգային երաշխավորողներ։ Քանի որ Ռուսաստանը չկարողացավ իր դերը կատարել որպես միջնորդ նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ հայկական կողմը բացառում է, որ ռուսական հարթակում կարող է կնքվել այդ «Խաղաղության պայմանագիրը» և հարցը մտել է փակուղի։ Երկորդ պատճառն էլ այն է, որ Ալիևը կարծում է, որ Հայաստանը թույլ է և քանի դեռ թույլ է շատ ավելին կարող է կորզել Հայաստանից, դրա համար էլ չի գնում պայմանագրի ստորագրման։ Իհարկե փոխադարձ առաջարկներ կուղարկվեն միմյանց, շտրիխներ կմտցվեն, բայց չի ստորագրվի պայմանագիրը»։
Բաքուն, մի կողմից, խաղաղության առաջարկներ է ուղարկում, մյուս կողմից կրակում հայկական դիրքերի ու բնակելի գյուղերի ուղղությամբ ու զորավարժություններ անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունը երեկ ուշերեկոյան հրադադարի խախտման մասին է։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն Սյունիքի մարզի Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ–ն նույն հաղորդագրությամբ հերքել է Բաքվի մեղադրանքը, թե հայկական կողմն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն էլ հայտնում է, որ ապրիլի 8-ին ադրբեջանական կողմից հրաձգային անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
Ադրբեջանական կրակոցներն ու սադրանքներն ակտիվացել են ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը նախորդող շրջանից ու շարունակվում են։
Ապատեղակատվությանը զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում ցերեկային և գիշերային ժամերին՝ կատարելով նաև օդային հետախուզական աշխատանքներ։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ բախումներն անխուսափելի են։
«Կարծում եմ՝ էսկալացիա կլինի ռազմական, քանի որ դրա համար պարարտ հող կա, և իրենք դրա համար հիմքեր են փորձում ստեղծել Նոյեմբերյանի չորս գյուղերի հետ կապված և այդ մասերում ռազմական էսկալացիայի վտանգը շատ մեծ է։ Չեմ ասում, թե 44-օրյայի նման, բայց սահմանային բախումները շատ հնարավոր են։ Տեսնում ենք իրենց վերջին օրերի հաղորդագրությունները, թե իբր հայկական կողմը անընդհատ փորձում է ռմբակոծել իրենց դիրքերը»։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական բնակավայրերի ուղղությամբ հնչած կրակոցներին, դարձյալ կրկնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին բանակցություններն են, որ Միացյալ Նահանգները մշտապես ողջունել է երկխոսությունը և պատրաստ է ցանկացած հնարավոր դերակատարման՝ երկխոսությանը նպաստելու համար։
«Մի քիչ բարդ է Ադրբեջանին բերել արևմտյան հարթակներ, Ալիևը իրեն այդքան էլ լավ չի զգում արևմտյան հարթակներում, այստեղ նրա վրա ճնշումներ կան, դրա համար նա հրաժարվեց գնալ Գրանադա, հրաժարվեց վաշինգտոնյան հարթակից և իրեն ավելի կոմֆորտ է զգում ռուսական ձևաչափերում։ Եվ ընդհանրապես, Ալիևին բարդ կլինի բերել բանակցությունների դաշտ»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարությունը, նկատել է՝ բազմիցս ենք լսել նման հավաստիացումներ ու միամտաբար եզրակացություններ արել, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում»: Այդ մասին վստահեցնում էին ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները՝ գրել է Բադալյանը։
«Գործնականում, հակամարտություններն իրականում չունեն քաղաքական լուծում: Բոլոր հակամարտությունների լուծման աղբյուրը ուժն է: Այլ հարց է, որ մի տեղ ուժի գործադրման բանը կարող է չհասնել, մեկ այլ տեղ՝ անհրաժեշտ լինի ուժի անմիջական գործադրում: Բայց, որևէ հակամարտություն չունի քաղաքական կարգավորում: Քաղաքական կարգավորում նշանակում է հակամարտության կողմերի փոխհամաձայնություն՝ խորքային փոխհամաձայնություն, երբ երկու կողմն էլ կունենան ավելի շատ բավարարության, քան անբավարարության զգացում»:
Վերլուծաբանի եզրահանգմամբ՝ հակամարտությունները ոչ թե քաղաքական կարգավորման, այլ քաղաքական կառավարման են ենթարկվում։ Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն այսօր մնացել է առանց կառավարման: Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը կառավարման վերջին ձևաչափն էր, որի դե ֆակտո սառեցումը, ըստ նրա, բերեց իրավիճակի թեժացման: