Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո հասկացել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում:

ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է Փաշինյանը։

«Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: Եվ այդ պահից փաստացի քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև»,-ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 կմ² տարածք ունեցող երկիրն է:

«Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը: Իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունը: Ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, ապա դրանք բացասական երաշխիքներ են: Ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովվում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես չկան»,- նշել է նա:

Փաշինյանի խոսքով, դա է պատճառը, որ դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․

«Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը: Այս բացասական երաշխիքը պետք է չեզոքացնենք:

Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա»,- ասել է Փաշինյանը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն