Նիկարագուան Գերմանիային մեղադրել է Իսրայելի ցեղասպանությանն աջակցելու համար
Հաագայի Միջազգային դատարանում սկսվել են Նիկարագուայի՝ Գերմանիայի դեմ հայցի վերաբերյալ երկօրյա լսումները։ Ըստ հայցի, Գերմանիան, Իսրայելին իր շարունակական աջակցության պատճառով, ներառյալ զենքի մատակարարումը, «չի կատարել Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացված և իրականացվող ցեղասպանությունը կանխելու իր պարտավորությունը», այդպիսով «նպաստել է ցեղասպանության իրականացմանը՝ խախտելով կոնվենցիան» և միջազգային իրավունքի այլ տարրեր։
Հայցում Նիկարագուան նաև խնդրում է դատարանին «ժամանակավոր միջոցներ» կիրառել Գերմանիայի դեմ, որոնք կարող են հանգեցնել Իսրայելին Բեռլինի ռազմական աջակցության կասեցմանը։
Գերմանիայի կառավարությունը կտրականապես հերքել է Նիկարագուայի մեղադրանքները, թե Բեռլինն իբր նպաստում է Գազայի հատվածում ցեղասպանությանը՝ դրանք համարելով իրավական կամ փաստական հիմքերից զուրկ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջազգային իրավունքի հանձնակատար Տանյա ֆոն Ուսլար-Գլայխենը հիշեցրել է, որ Գերմանիան հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումից հետո, և որ Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի համար առաջնահերթություն է՝ հաշվի առնելով պատմական պատասխանատվությունը։ Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ Բեռլինը, այնուհանդերձ, միջոցներ է ձեռնարկում Գազայի հատվածում խաղաղ բնակչության իրավունքներն ու պաշտպանությունն ապահովելու համար։
Սպասվում է, որ ՄԱԿ-ի դատարանը Նիկարագուայի հայցի վերաբերյալ նախնական որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում, գրում է dpa-ն։