Սովորեցնելով մեզ սիրել մեր պատմական հայրենիքը՝ սովորեցրել են չսիրել մեր իրական հայրենիքը. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից իր ելույթում կարևորեց երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված թեման պատմական և իրական Հայաստանների մասին:
Պատգամավորի խոսքով՝ հարցի վերաբերյալ կա սերունդների կողմից այս հարցի ընկալման կողմը:
«Պետական դպրոցական ծրագրով առաջինն իմացել եմ Ուտիքի և Փայտակարանի մասին, հետո ինձ ծանոթացրել են Սյունիքի, Տավուշի և մնացած իրական մարզերի մասին: Ես այդժամ ի՞նչը պետք է ավելի հարազատ համարեի: Պարզ է, որ պատմականը, որովհետև դա էր առաջնային և, հետևաբար, ավելի կարևոր տեղեկատվությունը, մանավանդ որ ինձ այդ ընթացքում ոչ ոք չէր պատմում ո՛չ 1996 թվականի ԵԱՀԿ վեհաժողովի, ո՛չ բանակցային ընթացքի մասին և ո՛չ էլ հատկապես այն մասին, որ իմ մեջ հայրենիքի կոնկրետ տարածքների նկատմամբ սեր ձևավորողները, այսինքն՝ այդ ժամանակվա իշխանությունները, հանձնում էին և արդեն հանձնել էին այդ տարածքները, իմ հայրենիքը»,- նշեց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հենց այս կետից են սկսվում բոլոր դժբախտությունները, երբ մենք մեծացնում ենք քաղաքացիներ, որոնք սիրում են ուրիշը, հեռուն, անիրականը, անհասանելին:
«Այո՛, այդպես հեշտ է, այդպես չկա պատասխանատվություն, և ստացվում է, որ սովորեցնելով մեզ սիրել մեր պատմական հայրենիքը՝ մեզ սովորեցրել են չսիրել մեր իրական հայրենիքը, չկրել պատասխանատվություն իրական Հայաստանի համար»,- ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դրա նպատակը մեկն է եղել՝ իրական Հայաստանը դարձնել մանրադրամ, պարզապես ռեսուրս երրորդ երկրների շահերի սպասարկման համար՝ իրական Հայաստանը զավթած ուժերի միջոցով:
Նրա խոսքով՝ իրական Հայաստանը պաշտպանողները այս կոնտեքստում դառնում են խնդիր, անգամ՝ վերացման ենթակա:
«Հոկտեմբերի 27-ը վկա: Եվ ողջունում են պատմական Հայաստանի համար մարտնչողները: Հենց սրա համար են մեզ սովորեցրել չսիրել իրական Հայաստանը, չիմանալ անգամ իրական Հայաստանի կոնկրետ տեղը, որովհետև այդպես պաշտպանողներ չեն լինելու: Իսկ այդ մարտնչողները այս դեպքում պատմական չեն և ոչ էլ հեքիաթի հերոսներ, չնայած դրա բոլոր նախադրյալներն ունեն: Նրանք հենց հիմա այստեղ նստած են կլորացրած աչքերով և սրած ականջներով, լսում են մեզ ու շարունակում են պատմական Հայաստանի տրամաբանությունը տարածել ամեն ինչի և բոլորի վրա, օրինակ՝ չորս գյուղերի»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունը, նույն ինքը՝ ներկա ընդդիմությունը, ատում է ներկայիս իշխանություններին, քանի որ նրանք պատմական Հայաստանի համար մարտնչողներն են, իսկ իրենք՝ իրական Հայաստանի պաշտպանները: