Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Իշխանության այն մոտեցումը, որ եթե հայտնի 4 գյուղերը չհանձնենք, պատերազմը կվերսկսվի, արդեն իսկ բավարար է քաղաքական և մասնագիտական գնահատական տալու ոչ միայն Կառավարության ծրագրի 2023թ կատարման և դրա ընթացքի մասին, այլ առհասարակ Կառավարության անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ նրանց մոտեցումներին: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Անվստահությունը երկրի անվտանգային համակարգի նկատմամբ և միջազգային զսպման գործիքների բացակայությունը լավագույնս բնորոշում է մեր երկրի իրական վիճակը բոլոր հարթություններում՝ այս դեպքում առաջին հերթին անվտանգության տեսանկյունից: Այս տեսանկյունից 2023թ․ Հայաստանում տեղի ունեցած երկու իրադարձություններին կանդրադառնամ, որոնք հստակ պատասխան ու գնահատական են տալիս այս ամենին»,- նշեց պատգամավորը:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ առաջինը 2023թ Արավուս, Տեղ, Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած վերատեղակայումներն են, որոնց հետևանքն ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հսկայական հատվածի օկուպացիան է, որն ի դեպ մինչև հիմա գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ երբեմնի շեն հողերը, որոնք Սյունիքի այդ հատվածի գյուղերի համար ապրուստի միջոց էին, վերածվել են ադրբեջանական կրակակետերի:
«Ի դեպ՝ այդ օրերին երբ խոսք էր գնում ադրբեջանական ներխուժման մասին պաշտոնական կեղծիքի պակաս չկար: Մի մասը սկզբում փորձում էին համոզել, որ ադրբեջանցիներն իրենց հատվածում են բնագծեր տեղակայում, մի մասը պնդում էր, որ Ադրբեջանը սահմանային ճշտումներից հետո հետ է վերադարձնելու դրանք, մի մասն էլ իրականությունն իմանալով՝ պարզապես, տղամարդուն ոչ հարիր վարքագծով էին զբաղված, վարկաբեկում և վիրավորում էին բոլոր նրանց, ովքեր անվստահությամբ էին մոտենում իշխանության հավաստիացումներին, թե բանակցությունների միջոցով կարճ ժամանակում կվերադարձվեն:
Ըստ Աբրաամյանի, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գրանցվեց ֆիասկո, որովհետև առաջին հայացքից պարզ երևացող գործընթացը տապալվեց ու ադրբեջանական ԶՈՒ-ն տեղակայվեց Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ անվտանգային առումով ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողեց, որովհետև իրադրությունը ճիշտ չգնահատեց:
«Որպես հետևանք՝ իրադրության ողջ ծանրությունն ընկավ այդ հատվածում սահմանային անվտանգության համար պատասխանատու բանակային կորպուսի, հատուկ առաջադրանքներ լուծող ստորաբաժանումների, աշխարհազորի, ԱԱԾ սահմանապահ զորքերի վրա, ովքեր ստեղծված բարդ պայմաններում անձնազոհության գնով ադրբեջանական կրակահերթերի, ԱԹՍ-ների հարվածների ներքո մարտական դիրքեր էին տեղակայում և ծառայություն տանում»,- ընդգծեց նա:
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև երկրորդ ցուցիչին, որը 2023թ սեպտեմբերյան ողբերգությունն էր՝ Արցախի հանձնումը, զիջումը:
«Կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ իշխանության համար դա տապալում չէ, որովհետև դրանից դեռ մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, սակայն խոսքն այս դեպքում այլ փաստերի մասին է: Իշխանության հռչակած նպատակներում, երբ ի սկզբանե հայտարարվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին , որն ամրագրված էր ոչ միայն Ազգային Անվտանգության դոկտրինայի թարմացված տարբերակում, այլ նաև Կառավարության ծրագրում և իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում: Ի՞նչ եղավ հետո՝ հետո հայտարարվեց Արցախի հարցով նշաձողի իջեցման մասին, ավելի ուշ ընգծվեց, որ իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ դրանից հետո Արցախը ենթարկվեց իննամսյա շրջափակման, որն, ըստ էության, ցեղասպանության դրսևորում էր, ապա լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեցին Արցախի դեմ, որի հետևանքն արցախցիների բռնի տեղահանումն էր, որը նույնպես ուղեկցվում էր ցեղասպանության դրսևորումներով:
«Չեմ խոսում այն մասին, որ այս ամենն իրականացվում էր ՀՀ իշխանությունների լռության ներքո: Արտաքին քաղաքական տեսանկյունից ՀՀ Կառավարությունն իր առջև դրված խնդիրը չկատարեց, որովհետև նույնիսկ իր առավելագույն զիջման պայմաններում Ադրբեջանն օգտագործեց ՀՀ պաշտոնյաների հայտարարություններն ու խայտառակ բառապաշարը, փորձեց լեգիտիմացնել Արցախի նկատմամբ ուժի կիրառումը: Հետևանքն այն էր, որ պատերազմը չկանխվեց, միջազգային գործընկերների հետ աշխատանքը տապալվեց և արցախցիները բռնի տեղահանվեցին: Անվտանգային տեսանկյունից Հայաստանն, ըստ էության, զրկվեց իր անվտանգային զրահաբաճկոնից և սպառնալիքները տեղափոխվեցին ՀՀ սահման: ՀՀ Կառավարության ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը տեղափոխել է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախումների դաշտ: Դուք մեր երկիրը տանում եք փլուզման ճանապարհով և դա անում եք գիտակցված, քանի որ դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական Հայաստան դիլեման արհեստական է»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը: