Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև
Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:
«Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։
Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։ Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր»,- ասել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ պատմության ընթացքում հոգևոր-մշակութային կապերը բնական կամուրջ են եղել Հայաստանի և Ղազախստանի միջև: Ղազախստանի ղեկավարը հատկապես բարձր է գնահատել Հայաստանում ղազախական ժառանգության նկատմամբ դրսևորվող հարգանքը: