Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով այսուհետ ընթացիկ տարվա ոչ ուշ, քան վերջին նիստում ավագանին որոշում կկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար կվճարվի Երևանի բյուջեից: Այդ մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:
«Աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտորական ոլորտում, ունեն առնվազն 7 աշխատակից, որոնք ունեն առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ, և որոնցից առնվազն 2-ն ունեն միջազգային որևէ որակավորում»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Ըստ զեկուցողի՝ այս լուծումը նպաստելու է, որպեսզի մրցույթին ավելի որակավորված աուդիտորական կազմակերպություններ և մասնագետներ ներգրավվեն, որը ժամանակի ընթացքում կհանգեցնի Երևանի բյուջեի աուդիտի մակարդակի որակի բարձրացման:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով որոշման նախագծին, կարծիք հայտնեց, որ Երևան քաղաքը կարիք ունի «խիստ աուդիտ» իրականացնելու: Պետք է ստուգվեն և աուդիտի ենթարկվեն ինչպես վարչական շրջանների ղեկավարների ծախսերը, հրատապ խնդիրների լուծման համար ծախսերը, այնպես էլ մեկ անձից կատարվող գնումները: Նա նաև առաջարկեց, որ աուդիտն իրականացնեն միջազգային կազմակերպությունները: