Ստավրոպոլի երկրամասում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ստավրոպոլի երկրամասում կործանվել է Տու-22М3 ռմբակոծիչը:
«Ստավրոպոլի երկրամասում մարտական առաջադրանքը կատարելուց հետո բազավորման օդանավակայան վերադառնալիս կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22М3 ինքնաթիռը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Օդանավում զինապահեստ չի եղել, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չկան։
Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ օդանավը վթարի է ենթարկվել Կրասնոգվարդեյսկի շրջանում։ Նրա խոսքով՝ կործանված ռազմական ինքնաթիռի անձնակազմի մեկ անդամ զոհվել է, երկուսը ողջ են: Եվս մեկ օդաչուի որոնումները շարունակվում են։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ստավրոպոլում ինքնաթիռը խոցել է ուկրաինական կողմը:
«Օդուժի զենիթահրթիռային ստորաբաժանումները ՊՆ հետախուզության գլխավոր վարչության հետ միասին ոչնչացրել են Տու-22М3 հեռահար ռազմավարական ռմբակոծիչը։ Ռուսական ինքնաթիռների այս տեսակը մեր պաշտպաններն առաջին անգամ են տապալում»,- ասված է հաղորդագրության մեջ։