«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախօրեին նիստ է արել, որտեղ վերջնականապես որոշվել են, թե ովքեր են լինելու ՔՊ-ին բաժին հասած ԱԺ հանձնաժողովների նախագահները:

ՔՊ խմբակցության  աղբյուրների հաղորդմամբ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն կառաջադրի Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Ղալումյանի թեկնածությունը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կլինի Վլադիմիր Վարդանյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանը, եւ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հերիքնազ Տիգրանյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ի ներսում թեժ քննարկումներ են ընթացել մասնավորապես, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության շուրջ: ՔՊ խմբակցության մեծամասնությունը դեմ է եղել, որ այն զբաղեցնի Արսեն Թորոսյանը, որի արդյունքում էլ ընտրությունը կանգ է առել Նարեկ Զեյնալյանի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ նիստում Դոնթի բանաձեւի համաձայն բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները, որոնցից 9-ը բաժին հասավ ՔՊ-ին, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությանը:

«Հայաստան» խմբակցությանը բաժին հասան Տնտեսական հարցերի հանձնաժողովը, Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը եւ  Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն