Պետք է հոգեբանական տրանսֆորմացիա տեղի ունենա, որ առաջնագիծը չկա այլևս, և կա պետական սահման։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է, որ կարելի է ունենալ որևէ բնակավայրի և երկրի անվտանգության ապահովման մեջ։ Այդ մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ Կիրանց գյուղի հատվածում սահմանը նորակառույց դպրոցի կողքով է անցնում։

«Հոգեբանական փոփոխությունը պետք է տեղի ունենա. ասում են, որ բանակն այդտեղից դուրս գա... Բանակի այդտեղից դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չէ. գալիս են սահմանապահները. սահմանն առանց պահպանության չի մնում։ Այն, ինչ որ այսօր համարվում է թերություն կամ հոգեբանական խնդիր, ես հույս ունեմ՝ վաղը, մյուս օրը դառնալու է մեծ առավելություն, որովհետև այդ ճանապարհներն աշխատելու են, տնտեսական ակտիվություն է լինելու, և զարգանալու են, ի վերջո, այդ գյուղերը։ Այսօր Կիրանցում, Բերքաբերում 16 մլն դրամի ծրագրով տներ են կառուցվում։ Մենք ինչո՞ւ պետք է 16 միլիոնի ծրագիրը տանենք, հենց հատկապես Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի Բաղանիսի, մյուս սահմանամերձ գյուղերում իրականացնենք, եթե մեր  ռազմավարական ընկալումը այդ գյուղերի ապագայի հետ կապված լավատեսական չլինի։

Մենք ուզում ենք, որ այս տրամադրության փոփոխությունը տեղի ունենա, և մենք կխոսենք անընդհատ մարդկանց հետ և խոսում ենք։ Ես ուզում եմ, որ մենք մի բան արձանագրենք. երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ: Ոչ թե կարող է, այլ ունենալու է շատ շրջադարձային նշանակություն ՀՀ-ի ինքիշխանության, անկախության, զարգացման, անվտագության և բարեկեցության զարգացման համար: Նույնը, իմիջիայլոց, վերաբերում է Ադրբեջանին, վերաբերում է տարածաշրջանին։ Սա այն դեպքն է, որ տեղի է ունեցել քաղաքական համաձայնություն, և քաղաքական համաձայնությունից գոհ են երկու կողմն էլ, որովհետև երկու կողմն էլ կարող են ցույց տալ՝ ինչ են ստացել իրենք և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ առումով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն