ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին, տեղեկացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումները միտում ունեն վերհանելու տնտեսվարողների խնդիրները, փնտրելու համակարգային լուծումներ, և վստահեցրել, որ Կոմիտեն պատրաստակամ է առողջ քննարկումների և առաջարկությունների համար:
Աշխատանքային քննարկմանը տնտեսվարողները նախ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների, ԵԱՏՄ որոշումների կատարման, էքսպրես-բեռների տեղափոխման ընթացակարգի վերաբերյալ և այլն: Քննարկումների օրակարգում էր նաև հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքանիների ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտվելու պարագայում դրանց հետագա տնօրինման հարցը:
ՀՀ ներմուծվող առաքանիների առանձնահատկությունից ելնելով՝ քննարկվել է նաև առանձին (մասնագիտացված) մաքսային հսկողության գոտի ստեղծելու հնարավորության հարցը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը շրջել է նաև Արևմտյան մաքսատուն-վարչությունում, հետաքրքրվել մաքսային գործառնությունների կազմակերպման գործընթացով: