«Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը.
«Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու ճակատագրիդ ողբերգական էջերը, ասում են,անցիր, մի հիշի, ասում են ընկերություն արա քեզ ոչնչացնողի հետ, որը հիմա ավելի է պատրաստված ու ավելի կազմակերպված ատելությամբ է սպասում իմ բթացմանը:
Ասում են՝ դե արժանի չես Հայրենիք ունենալուն որովհետև սխալվել ես, որովհետև հա սխալվում ես,
ասում են հայը առևտրական է ու փողի մեռած, լավ գործ կանի թշնամու հետ, դու ինչի՞ ես խառնվում,
ասում են տկար է հայ ժողովուրդը ու անջատ-անջատ եղած:
Ասում են էլ սփյուռք չկա, Հայաստանցին էլ ուրիշի երկիրն է հա ընտրում, դատարկ երկիրը հանձնում են, հային պետք չի, ասում են՝ ի՞նչ ես գլուխդ հա դարդի տակ դնում, ապրի էլի էն քիչ մնացած տարիներդ, կես դարդ անցավ արդեն, մի քիչ էլ ձգի, ասում են մեր ողբն է մեզ հա խանգարում ապրել, հենց մոռանանք ցավոտ օրերը՝ ընտիր կապրենք, ասում են հայերը ընտրյալ ժողովուրդ են, հետո էլ ասում են հավես չկա էլ պայքարելու, ուֆֆ, գնամ երկրից հանգիստ ապրեմ:
Ասում են հա ստատուս ես գրում, իբր ինչ, էնա, 2013,16,17, 2020-ի գրածներդ կարդա, բան չի փոխվել, ասում են բա ինչի՞ առաջ չէիր գրում, ասում են՝ այդ հողերը մերը չէին, ասում են, իսկ ես շարունակում եմ գրել, գործել, հավատալ ու հիշել:
Մեր բոլոր ամրոցներից հիշողության ամրոցն է միայն, որ չի ընկել. ամուր պահեք, ձեր ցավը տանեմ, ամուր ու վառ պահեք էդ ամրոցը, եկեղեցու պատարագն Է հիշողության էդ ամրոցը, աղոթքն է, մեր մոր պատմածն է գաղթի ճամփի իր պապերից:
Ցեղասպանության հուշահամալիրում ներկա հայն է այդքանից հետո ապրող հայը, հիշող ու պահանջատեր հայը, ոչ թե ծնկած ու իրավունք մուրողը, Հայաստանի օրով ու արևով ապրողն է էս «ասում են»-ների շղթան քանդողը:
Ծիծեռնակաբերդ ծաղիկ բերող երեխեն, դպրոցում՝ Մասիս սարն եմ սիրում ասողը, ամեն օր պայքարող, մահով անմահացած, իր լեռը պահողը, իր հայությունից չհոգնողը, էն թերի մեկին հետևից տանողը, չհուսահատվողը, ճշմարտության աչքերին նայելուց չվախեցողը, տո հա՜, նորից սխալվելով, բայց իր արածն ուղղողը, իր նեղ շահերից դուրս եկողը, քաղաք-ն անջատական բաները մի կողմ դնողը,
հանունի համար հիշողն ու իրագործողը:
Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք. սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ:
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը, ես հավատում եմ«: