ԱՄՆ-ում հաղորդումներ են եղել հազվագյուտ պրիոնային  հիվանդությամբ մարդկանց վարակման դեպքերի մասին, որոնք հայտնի են որպես եղջերվի զոմբի հիվանդություն: Ամերիկացի մի խումբ բժիշկների և հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Neurology ամսագրում:

Պրիոնային հիվանդությունների պատճառը նյարդային համակարգում սխալ պարուրված սպիտակուցների՝ պրիոնների առկայությունն է: Այս հիվանդությունները ներկայումս անբուժելի են և առաջադիմում են այնքան ժամանակ, մինչև մարդը մահանում է։ Հիվանդությունը սկսվում է սխալ պարուրված մեկ մոլեկուլից, որը վերափոխում և իր նման է դարձնում այլ սպիտակուցների մոլեկուլները։

Հետազոտության ընթացքում 72-ամյա մի տղամարդ ընդունվել է Սան Անտոնիոյի Տեխասի համալսարանի առողջության գիտական ​​կենտրոն: Նա հայտնել է, որ մոլորվածություն է զգում և հուզական խնդիրներ ունի: Ժամանակի ընթացքում նրա մոտ այլ ախտանիշներ են ի հայտ եկել, այդ թվում՝ ջղաձգումներ, և հիվանդի մոտ   Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն են ախտորոշել (նման է կովի կատաղություն հիվանդությանը): Միաժամանակ նույն ախտանիշներով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ հիվանդ։ Փորձագետները նրանց միջև կապ են հայտնաբերել. հիվանդները ճանաչում էին իրար, երկուսն էլ զբաղվում էին եղջերուների որսով և եղջերուի միս ուտում։

Հետազոտողները ենթադրում են, որ երկու հիվանդն էլ շփվել են եղջերուների հետ, որոնք ախտահարված են եղել քրոնիկ հյուծիչ հիվանդությամբ, ինչը ենթադրում է պրիոնների հնարավոր փոխանցում մի տեսակից մյուսը:

Այնուամենայնիվ, հեղինակները նշում են, որ ներկայումս պրիոնների միջտեսակային փոխանցման համոզիչ ապացույցներ չկան: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ եղջերուների քրոնիկ հյուծիչ հիվանդությունը նույն տարածաշրջանում Կրեյտցֆելդ-Յակոբ հիվանդության սպորադիկ դեպքերի հետ կապելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն