Ռուսաստանը վետո է կիրառել տիեզերքում սպառազինության դեմ ՄԱԿ-ի բանաձևի հանդեպ
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանը արգելափակել է տիեզերքում սպառազինությունների մրցավազքի դեմ բանաձևը։ Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին կայացած քվեարկության ժամանակ Անվտանգության խորհրդում ընդգրկված 15 երկրից 13-ը քվեարկել են փաստաթղթի ընդունման օգտին, Չինաստանը ձեռնպահ է մնացել, իսկ Ռուսաստանը վետո է կիրառել։
Բանաձևի տեքստը մշակել են ԱՄՆ-ն ու Ճապոնիան: Բանաձևի նախագծում ասվում էր, որ «մեր ընդհանուր նպատակն է կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում», ինչպես նաև պահպանել Տիեզերքի մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունները, մասնավորապես՝ «միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ զենք չտեղակայել Երկրի շուրջ ուղեծրում»: Փաստաթղթում նաև կոչ է արվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ «չմշակել որևէ միջուկային զենք, որը հատուկ նախագծված է Երկրի շուրջ ուղեծրում տեղակայելու համար»:
Ռուսաստանը ձգտում է արգելել բոլոր տեսակի զենքերը տիեզերքում: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան բացատրել է, որ բանաձևին աջակցելուց հրաժարվել է, քանի որ, նրա խոսքով՝ արգելքը պետք է վերաբերի նաև սովորական զենքին, այլ ոչ միայն միջուկայինին։
ԱՄՆ-ը Մոսկվային մեղադրել է արբանյակների դեմ միջուկային զենք ստեղծելու համար։ Ռուսաստանը հերքում է դա։
1967 թվականի Տիեզերքի մասին պայմանագիրն արգելում է միջուկային զենքի տեղակայումը տիեզերքում: ԱՄՆ-ը և Ռուսաստանը ստորագրել են այդ փաստաթուղթը։