Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված «Թուրքական ավիաուղիների»՝ Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքներից ռուսաստանցիներին հաճախակի մերժելու հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան:

Նրա խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացել է, որ «վերջին շրջանում արձանագրվող դեպքերը, երբ Ռուսաստանի քաղաքացիներին մերժել են նստել Turkish Airlines ավիաընկերության օդանավերը Լատինական Ամերիկայի երկրներ տարանցիկ թռիչքների համար, կապված են այդ երկրների կողմից իրենց տարածք մուտք գործելու կանոնների հետ»: Այդ առումով ավիափոխադրողը թռիչքներ կազմակերպելիս «առաջնորդվում է ԻԿԱՕ-ի և նպատակակետ երկրի կանոններով»:

Լատինական Ամերիկայի երկրներ մուտք գործելու համար ուղևորը պետք է ունենա հետադարձ տոմս, հյուրանոցի ամրագրումը հաստատող ապացույց, անհամապատասխանություն չպետք է լինի ավիաչվերթների և հյուրանոցների ամրագրման ամսաթվերի միջև, Լատինական Ամերիկայի երկրների ներսում տարանցիկ թռիչքներ պետք է իրականացվեն ոչ ավելի, քան 24 ժամվա ընթացքում, ուղևորը ձեռքի պայուսակից բացի պետք է ունենա նաև ուղեբեռ:

Տուժած ուղևորներից շատերը մտադիր են դատի տալ ավիաընկերությանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան աշխատում է Անկարայի հետ՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի հարցով։ Նա ընդգծել է, որ երկու երկրի հարաբերությունների բարեկամական բնույթը թույլ է տալիս հուսալ, որ նման հարցերը կկարգավորվեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն