Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ապրիլի 15-26-ը ՆԳՆ փրկարար ծառայության սպաների համար կազմակերպվել և անցկացվել են դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Լուսակերտի ուսումնական բազայում երկու փուլով՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ, որին մասնակցել են Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների մոտ 30 փրկարարական ծառայող, հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերից 2 կամավոր։

Որպես դասընթացավարներ ծրագրին ներգրավվել էին ֆրանսիացի փորձագետներ և հրշեջ-կամավորներ, ՆԳՆ ՃԿՊԱ դասախոսներ։

Դասընթացների նպատակն է նպաստել ՀՀ բոլոր մարզերում արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ինստիտուտի զարգացմանը՝ վերապատրաստելով ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ծառայողներին, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն մարզերում իրենք վերապատրաստելու արդեն իսկ գործող 8 հրշեջ-փրկարարական կամավորական հենակետերի, ինչպես նաև առաջիկայում նախատեսված 4 նոր հենակետերի հրշեջ-փրկարարական կամավորական խմբերի անձնակազմին։

«Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Թիերի Ժիրարդը։

Ողջունելով ներկաներին ՓԾ տնօրենի տեղակալն իր երախտագիտությունը հայտնեց Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող (VOLFIRE) ծրագրի համար, նշելով, որ վերջինս հսկայածավալ աշխատանք է կատարում ՀՀ-ում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությամբ՝ նպաստելով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը, մարզերում՝ հատկապես հեռավոր համայնքներում, արտակարգ իրավիճակներին առաջին արձագանքման հնարավորությունների բարելավմանը և կամավորականության խթանմանը։

Կարևորելով մարզերում կամավորական թիմերի վերապատրաստման խնդիրը՝ Տ․Պետրոսյանը մեջբերեց նախորդ տարիների հաջողված փորձը՝ մասնավորեցնելով Կոտայքի մարզի Գառնու և Վայոց ձորի մարզի Խաչիկի հենակետերի ակտիվ ներգրավվածությունը հրդեհաշիջման աշխատանքներում, որոնք գրանցված դեպքերում արդյունավետորեն ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչ հիմնական ուժերի ժամանումը։

Թիերի Ժիրարդն իր խոսքում, մատնանշելով հայ փրկարարների պրոֆեսիոնալիզը և պատրաստվածությունն, ասաց․ «Մենք այստեղ ենք, որպեսզի առավելագույնս վերապատրաստենք փրկարարներին՝ կատարելագործելով վերջիններիս հրահանգչական ունակությունները, փոխանցելով նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք նրանք հետագայում արդյունավետորեն կկիրառեն հրշեջ-կամավորների ուսուցանման գործընթացում»։

Այնուհետև հավելեց․ «Ծրագրի գլխավոր նպատակը մեծ քանակով կամավորների պատրաստելը չէ, այլ իրական հմտություններով և ունակություններով օժտված հրշեջ-կամավորական խմբերի ձևավորումն է, ովքեր ունակ կլինեն փրկարարական աշխատանքներում ներգրավվելու և ըստ անհրաժեշտության մասնագետներին հավասարազոր գործողություններ իրականացնելու»։

Ծրագրի փորձագետ Բերնար Ջանը ներկայացրեց, որ Հայաստանում աշխատանքներն ընթանում են ծրագրի նպատակին և առաքելությանը համահունչ, միաժամանակ բարձր գնահատեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ջանքերը՝ ուղղված առաջին արձագանքողների ինստիտուտի զարգացմանը, որում կամավորները դիտարկվում են կարևորագույն օղակ և դերակատար։

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Հերարդո Էսկալանտեն իր հերթին կարևորեց ծրագրի իրականացումը նշելով, որ իրենք այստեղ են համախմբելու ուժերը և հզորացնելու ազգային ընկերությունների հնարավորությունները՝ մասնավորապես աջակցելու Հայկական և Ավստրիական Կարմիր խաչի ընկերություններին ռեսուրսների, միջոցների հավաքագրման և նպատակային օգտագործման ուղղությամբ, որը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը և կամավորական շարժման զարգացմանը։

Վերապատրաստումների ընթացքում ուսուցանվողներին ներկայացվեցին «Անտառային և բնության մեջ հրդեհների», «Գործառնական կառավարման», «Ազդարարման համակարգման», «Կառուցվածքային և գործառնական հրդեհների», «Տեխնոլոգիական և բնական ռիսկերի» վերաբերյալ տեսական գիտելիքներ, տեղի ունեցան ֆրանսիական հրշեջ ծառայության կողմից մշակված և ներդրված հրդեհաշիջման տեխնիկաների ներկայացում և քննարկումներ, որոնց հաջորդեցին գործնական մոդուլներ՝ վարժանքներ և տակտիկական պարապմունքներ։

Ավարտին տեղի ունեցավ քննություն, արդյունքների ամփոփում, վերապատրաստման մասնակիցների հավաստագրում։

Նշենք, որ ծրագրի ավարտին նախատեսվում է հանրապետությունում վերապատրաստել մոտ 250 կամավոր հրշեջ-փրկարարների, ովքեր իրենց ունակություններով, մասնագիտական պատրաստվածությամբ պատրաստ կլինեն ներգրավվել փրկարարական աշխատանքներում և ծառայություն իրականացնել կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերում»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն