«Հայրենիքը պետությունն է». վարչապետի դասախոսությունը Գավառում | ՈՒՂԻՂ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ:
Վարչապետն իր ելույթում անդարդարձավ այն հայեցակարգին, որի մասին քաղաքական ամբիոններից հաճախ է խոսում: Այդ հայեցակարգը հնչում է մոտավորապես այսպես. «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»:
Վարչապետի խոսքով՝ հայեցակարգը հաճախ է քննադատվում, որ այն հայրենիքը հակադրում է պետությանը, սակայն այն իրականում հայրենիք և պետություն հասկացությունների երբեմն բարդ հարաբերությունները հասկանալու անհրաժեշտությունից է բխում:
«Մենք ուզում ենք հասկանալ ի վերջո՝ ինչ հարաբերություններ ունեն «հայրենիք» և «պետություն» հասկացությունները: Շատ հետաքրքիր է, որ այս հայեցակարգի ընկալումը կամ առաջմղումը Կառավարության կողմից շատերը դիտարկում են արտաքին քաղաքական տրամաբանությամբ, բայց երբեմն էլ հենց այդ արտաքին քաղաքական կամ զուտ արտաքին քաղաքական ընկալումն է, որ մեզ հնարավորություն չի տալիս ավելի լավ պարզաբանել և ավելի լավ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց վարչապետը:
Վարչապետը հարց բարձրաձայնեց՝ ինչո՞վ է, օրինակ, Ալագյազն ու Գավառը իր հայրենիքը, ապա ընդգծեց՝ ընդամենը մեկ բանով՝ պետությամբ:
«Հանգամանքը, գործոնը, որը Ալագյազը, Գավառը, Գյումրին, Վանաձորը մեր ընդհանուր հայրենիքն է դարձնում, պետությունն է, որովհետև հակառակ դեպքում մենք չէինք ունենա փաստարկ, թե ինչով է Գավառը իմ և Իջևանը՝ ձեր հայրենիքը: Այստեղից է գալիս, որ հայրենիքը պետությունն է, և ես ասում եմ՝ ցույց տալու համար, որ հայրենիքը պետությունն է գաղափարախոսությունը ոչ թե հակադրում է հայրենիքը պետությանը, այլ խնդիր է դնում նույնականացնել հայրենիքը պետության հետ, որովհետև ապրելու կամ ապրած լինելու փաստարկը ամենևին էլ այն փաստարկը չէ, որ առնվազն այս համատեքստում մենք օգտագործենք: Մենք կարո՞ղ ենք ասել, որ բոլոր տեղերը, որտեղ ապրել են հայեր, մեր հայրենիքն է: Մադրասում էլ են ապրել հայեր ժամանակին, բայց այսօր առնվազն հայկական համայնք չկա: Բայց այն մեր հայրնենիքը չէ, որովհետև մեր պետությունը չէ: Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, որովհետև կյանքն է մեզ բերել դրան, որովհետև այն հայրենիքը, որ պետությունը չէ, այդ հայրենիքը փաստացի դուրս է մեր վերահսկողությունից: Մենք չենք այդ հայրենիքի թիվ մեկ պատասխանատուն, այդ հայրենիքի տերն ու տնօրենը»,- դիմելով դահլիճում հավաքվածներին՝ ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր պատասխանատվությունը սահմանափակ է:
«Եթե մենք այդ սահմանափակ պատասխանատվությունը ուզում ենք տարածել անսահմանափակ և անորոշ տարածությունների մեջ, մեր պատասխանատվությունը չեզոքանում է, որովհետև մեր պատասխանատվությունը և մեր ազդեցությունը չեզոքանում է»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով՝ շատ կարևոր է, որ հենց Քաղաքացու օրը արձանագրենք հայրենիքի և պետության հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրը առաջին անգամ նշվել է 2019 թվականին: Այն նշվում է ամեն տարի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնում է շաբաթ օրվա հետ, ապա այն նշվում է ապրիլի կիրակի օրը:
Նշենք, որ վարչապետի բանախոսությունից հետո տեղի է ունենալու հարց ու պատասխան: