Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա
Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հրաժարական կտա։ Հանրության մի հատվածին հետաքրքրող այս հարցը միանշանակ պատասխան չունի, սակայն կանխատեսումներ կան մոտավոր ժամկետի մասին։
Տավուշի հատվածական սահմանազատումից հետո բողոքի շարունակվող ցույցերը բարձրացնում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Տավուշի գյուղերի բնակիչները և հանրության մի հատվածը մտահոգություններ ունեն, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի բավարարելու է Ադրբեջանի պահանջները և հանձնելու է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ, փոխարենը ոչիչն չստանալով։ Եթե այս մտահոգությունները տարածվեն հասարակության մեջ, ապա կձևավորվի Փաշինյանի հրաժարականի պահանջի լեգիտիմ հիմք, որը կմիավորի քաղաքական համայնքի մի մասին։ Եվ նրանք կազմակերպված դուրս կգան փողոց, կպահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ժողովրդական ցույցը հրաժարականի անհրաժեշտ, լեգիտիմ պայմաններից է։ Ցուցարարների շրջանում ասեկոսե է տարածվում, որ եթե ցույցերը շարունակվեն մինչև մայիսի 20-ը և խափանվի Հարավ-հյուսիս միջազգային ճանապարհի խորհրդանշական բացումը, ապա Փաշինյանը հրաժարական կտա։
Անհրաժեշտ պայմաններից է նաև ցույցերի պատասխանատուների քաղաքական դիրքորոշումը։ Իշանական քարոզչամեքենան վերջին օրերին աղաղակում է, թե հատվածական սահմանազատման և իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչները ռուսական գործակալներ են։ Այս աղաղակն ուղված է արտաքին աշխարհին։ Դրանով ակնկալում են ստանալ Արևմուտքի աջակցությունը։ Ժողովրդի լեզվով ասած՝ տղա են կանչում, որը կպաշտպանի ՀՀ իշխանությանը ռուսական գործակալների գրոհներից։ Չնայած՝ ռուսամետ դիրքորոշմամբ իշխանափոխության հրապարակային փորձերը նախընթաց տարիներին տապալվել են, այնուամենայնիվ՝ ենթադրելի է, որ ընդդիմության ռուսամետ ցույցերն այս անգամ հաջողության հասնելու շանս ունեն։ Դրա ցուցիչը կլինի այն, որ առաջիկա օրերին բողոքի ցույցերը լուսաբանելու նպատակով ՀՀ կժամանեն օտարերկրյա ԶԼՄ-ներ։
Ըստ իշխանական քարոզիչների կազմակերպած տեղեկատվական արտահոսքի՝ այս տարի լինելու է Ռուսաստանից ազատվելու տարի։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունը մինչև տարվա վերջ իրականացնելու է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ՝ դուրս գա ՀԱՊԿ-ից, դուրս հրավիրի ռուսական զորքերը ՀՀ-ից, իրականացնի լյուստրացիա ու ռուսական գործակալներին օրենքով հեռացնի իշխանության օղակներից։ Իր այս տեսլականի մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է արևմտյան գործընկերներին։ Ու եթե չարդարացնի հույսերը, ապա Արևմուտքը նրան կխնդրի հեռանալ։ Նկատենք, որ ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել է ԱՄՆ-ի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականին։ Այս խոսքն իրական փորձություն է Փաշինյանի համար։ Կա՛մ նա իրականացնելու է անկախության և ժողովրդավարության բարեփոխումներն ու ստանալու է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, կա՛մ հրաժարական է տալու և իշխանությունը փոխանցելու է ուրիշներին, որպեսզի ուրիշներն իրականանցնեն այդ բարեփոխումները։