ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Կիև. BBC
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև և հանդիպել նախագահ Զելենսկու հետ, գրում է BBC-ն։ Ստոլտենբերգն առաջարկել է ստեղծել Ուկրաինայի պաշտպանության ֆինանսական աջակցության հիմնադրամ՝ 100 միլիարդ եվրո արժողությամբ հինգ տարի ժամկետով և հայտարարել, որ «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինային փոխանցելու հարցը ՆԱՏՕ-ի համար առաջնահերթություն է։
Զելենսկին, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ի փաթեթից ռազմական օգնությունն արդեն սկսվել է, սակայն այդ գործընթացը պետք է արագացվի, քանի որ Ռուսաստանը պատրաստվում է հետագա հարձակողական գործողությունների։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ուկրաինան տեսնում է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, միաժամանակ նա խոստովանել է, որ դժվար թե Ուկրաինային հրավիրեն դաշինք հուլիսին կայանալիք գագաթնաժողովում, քանի որ նման որոշման համար անհրաժեշտ է անդամ բոլոր 32 երկրի համաձայնությունը։
Ստոլտենբերգը, սակայն, վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիային հակազդելու հարցում։