Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները համագործակցությամբ զարգացնելու հնարավորությունները
Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև թվային տնտեսության դերը՝ երկրների զարգացման գործում:
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ներուժի բացահայտմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։ Քննարկվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող թվային լուծումները։
Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը Աբդուլլահ Ալսուահային փոխանցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։