Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի խոսքով՝ ինքը և իր գործընկերը ներկայացրել են մի օրենքի նախագիծ, որով մի փոքր լրացում է կատարվում Հարկային օրենսգրքում, որը մի փոքր կհեշտացնի մեր այն հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը, որոնք հատկապես մեքենա են վարում. խոսքը տեխզննման և գույքահարկի գործընթացի մասին է:

Թունյանը հայտնեց՝ կա օրենքի պահանջ, որի համաձայն՝ քաղաքացին գույքահարկի գծով իր պարտքերը պետք է վճարի, որից հետո նրան թույլատրվում է տեխզննման պրոցեսը անցնել: 

«Հասկանալի է, որ այս երկու պրոցեսները տարբեր են, պարզապես ժամանակին այս երկու գործառույթը կապել են իրար, որպեսզի համայնքները կարողանան գույքահարկի գծով իրենց հավաքագրումներն ամբողջ ծավալով իրականացնել: Սակայն այստեղ, մեր կարծիքով, կա անարդար դրույթ, որովհետև մի կողմից՝ գույքահարկը վճարելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, բայց երբ, օրինակ, քաղաքացին իր մեքենան տանում է տեխզննման, ենթադրենք, հունվարին կամ փետրվարին, իրեն ստիպում են վճարել տվյալ տարվա գույքահարկն ամբողջությամբ: Դրա համար մենք օրենքով առաջարկում ենք, որպեսզի պարտադիր լինի վճարել նախորդ տարվա պարտքը, ոչ թե ընթացիկ տարվանը, որովհետև եթե համայնքներն ունեն ֆինանսների խնդիր և ցանկանում են իրենց գումարները հնարավորինս արագ հավաքել և տնօրինել, քաղաքացները նույնպես ունեն այդ գումարների կարիքը»,- պարզաբանեց Թունյանը: 

Նա նաև տեղեկացրեց՝ Կառավարության իրենց գործընկերներն առաջարկել են դիտարկել այն  տարբերակը, որ վճարվի ոչ թե նախորդ տարվա պարտքը, այլ տվյալ պահի դրությամբ, կամ գույքահարկը վճարվի ոչ թե տարեկան, այլ ամսական կտրվածքով: 

«Առաջինից երկրորդ ընթերցում նաև այս փոփոխությունը կանենք»,- հայտնեց նա՝ նշելով, որ պատրաստ են քննարկել առաջարկը:

Թունյանը հայտնեց՝ օրենքը ուժի մեջ կմտցվի 2025 թվականի հունվարի 1-ից, որպեսզի համայնքները հնարավորություն ունենան իրենց գալիք տարվա բյուջեները պլանավորել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն