Խորհրդարանն ապրիլի 30-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Երևանում գործող շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կիրառելի դարձնել նաև մյուս համայնքներում:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել:

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Կառավարության հեղինակած նախաձեռնության նպատակն է վերացնել անկախ պետական մարմինների նախագահների և անդամների վարձատրության գործակիցների միջև առկա անհամապատասխանությունները:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

Փոփոխություններ կատարելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` Կառավարությունն առաջարկում է սկսնակ ընկերությունների համար ներդրումներ ներգրավելու տեսանկյունից սահմանել նոր պայմանագրային ձև:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:

Քննարկվել է նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկով փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

«Նախաձեռնության` առաջին ընթերցմամբ քննարկվելու ընթացքում որոշվել էր Վարչական, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում 45-օրյա ժամկետ  նախատեսել վերաքննության կարգով բողոքարկման համար: Այս ժամկետը դատական համակարգի տարբեր մասնագետների կողմից վիճարկվել է այն առումով, որ հնարավոր է գործը լուծող և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունն այդ կարճ ժամկետում հնարավոր չլինի իրականացնել»,- ընդգծել է փոխնախարարը և տեղեկացրել, որ վերոնշյալ ժամկետը փոխարինվել է երկամսյայով:

Նշվել է, որ ընդունվել են պատգամավոր Տրդատ Սարգսյանի ներկայացրած բովանդակային առաջարկները:

Ներկայացնելով «Պետական տուրքի մասին» և «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում իրականացվել են տեխնիկական փոփոխություններ: Նշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն