Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Փաստաթղթի օգտին քվեարկել են 150 պատգամավորներից 83-ը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրանց դաշնակիցների ներկայացուցիչները։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը քննադատում է այս օրինագիծը, ավելի վաղ հայտարարել էր, որ վետո կդնի փաստաթղթի վրա, եթե այն ընդունվի երրորդ ընթերցմամբ։ Իշխող կուսակցությունը, սակայն, ունի բավականաչափ ձայներ՝ դեմ գնալու նախագահական այս վետոյին:
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: