Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին: Ասում եք՝ սահմանազատումից հետո կիրանցին կհայտնվի ուղիղ նշանառության տակ: Այսինքն՝ ասում եք՝ 30 տարի կիրանցին նշանառության տակ չէ՞, սահմանազատման գործընթացից հետո՞ է հայտնվելու ուղիղ նշանառության տակ: Պարզ է, չէ՞, որ այդպես չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Կիրանցի վերաբերյալ հայտարարություններին:

Նա հերքեց մեղադրանքները, թե Կիրանցից հողեր են հանձնվում, պարզաբանեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է արձանագրություն, ըստ որի՝ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները վերականգնվելու են որպես պետական սահմաններ, հետևաբար ՀՀ սուվերեն սահմաններից ոչ մի միլիմետր չի զիջվելու:

«Եթե մարդիկ ասում են՝ մենք հողեր ենք հանձնում, ես ակնկալում եմ, որ այդ մարդիկ գալու են այստեղ և խոստովանեն, որ Խեյրեմլին իրենց հայրենիքն է, որ իրենք ծնվել են Կըզըլ-Հաջիլիում, որ իրենց բարեկամներն ու հարազատները մինչ օրս ապրում են Կըզըլ-Հաջիլիում, Խեյրեմլիում: Թող գան, խոստովանեն: Ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա խորհրդարանական ընդդիմությանը մեղադրեց մարդկանց հուզական վիճակի հետ խաղալու համար, ընդգծեց՝ սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին, բաղանիսցին և բերքաբերցին, որոնք չպետք է ապրեն խրամատի՝ ուղիղ իրենց նայող նշանառության տակ, այլ պետք է ապրեն պետական սահմաններով:

«Որևէ մեկը չի կարող խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով ԼՂ-ն»,- նշեց պատգամավորը:

Հովհաննիսյանի այս խոսքից հետո դահլիճում գտնվող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեցին Հովհաննիսյանի ելույթին, ինչից հետո ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Արծվիկ Մինասյանին:

«Դուք լսե՞լ եք ձեր խմբակցության պատգամավորներն ինչեր են խոսում: Դուք ձեր երեկվա ելույթը լսե՞լ եք, պարո՛ն Մինասյան, որ հիմա համարձակվում եք ինձ ասել, որ ես ձեզ վիրավորում եմ, որ դուք անբարոյական ստեր եք ասում»,- ասաց Հովհաննիսյանը՝ դիմելով Արծվիկ Մինասյանին:

Հակոբ Արշակյանը հայտարարեց՝ այսօրվա նիստի ընթացքում Մինասյանը զրկվում է ձայնի իրավունքից:

Արշակյանը խնդրեց Հովհաննիսյանին անձնական որակումներ չտալ, խուսափել նման արտահայտություններից, Մինասյանին էլ հորդորեց նիստի ընթացքը չխանգարել:

Դահլիճում իրավիճակը թեժացավ, երբ Հովհաննիսյանը հիշեցրեց երեկվա իր ելույթը, որում ընդդիմությանը մեղադրել էր ԼՂ-ում «պալատական հեղաշրջում» կազմակերպելու համար:

«Հարգելի՛ գործընկերներ, դուք լսե՞լ եք ձեր ելույթները մեր խմբակցության կամ գործընկերների հասցեին: Վերանայեք ձեր խոսույթը, եթե չեք ուզում նույն խոսույթը լսել ձեր հասցեին»,- նշեց պատգամավորը՝ հորդորելով ընդդիմադիր գործընկերներին վերանայել իրենց խոսույթը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն