2023-ին ՀՀ-ում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1404 դեպք, 2022-ին՝ 898: 2022-ի համեմատությամբ այս տեսակ հանցագործությամբ դեպքերն աճել են 506-ով կամ 56,3 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարեց կառույցի ղեկավար Աննա Վարդապետյանը:

2023-ին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ, 2022-ին՝ 63 պաշտոնատար անձ: Քրեական վարույթներով դատի են տրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը, Երևանի նախկին քաղաքապետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը, «Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ՊՆ 3 աշխատակից, այդ թվում՝ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալը, սպառազինության գլխավոր վարչության պետը, իրավաբանական վարչության պետը և այլ անձինք:

«Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի աճը դատախազությունը չի գնահատում որպես բացասական ցուցանիշ՝ հաշվի առնելով այն, որ այդ հանցագործությունները լատենտային են կամ քողարկված»,- ասաց Աննա Վարդապետյանը:

Հանցագործությունների աճին զուգընթաց 2023-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում 14,6 տոկոսով, ինչը, ըստ Աննա Վարդապետյանի, դատախազության համար անհանգստացնող ցուցիչ է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն