ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, սկսել է առաջիկայում Հարավային ռազմական օկրուգի և ռազմածովային ուժերի հրթիռային կազմավորումների զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է, ի թիվս այլնի, մշակել «ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման հարցեր»։ Զորավարժությունները կանցկացվեն՝ ի պատասխան «արևմտյան պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների»։

«Զորավարժություններն ուղղված են ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստականության ապահովմանը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար՝ արձագանքելու և անվերապահորեն ապահովելու Ռուսաստանի  տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների», - ասվում է ՌԴ ՊՆ-ի  մամուլի հաղորդագրության մեջ:

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը, սակայն մի քանի օր անց պարզաբանել էր, որ դեռ մտադիր չէ դա անել։ Վերջերս The Economist-ին տված հարցազրույցում նա կրկին ասել է, որ Կիևի խնդրանքի դեպքում չի բացառում ֆրանսիական զորքերի ուղարկումն Ուկրաինա։

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությանը կարող է միջամտություն պահանջվել, և չի բացառվում ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն