Ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի, որը կախված է զենքի մատակարարումներից. Զելենսկի
Կիևին 61 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական աջակցությունը կարող է թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին նոր հակահարձակում սկսել 2025 թվականին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Նրա խոսքով՝ չնայած վերջերս Ուկրաինային աջակցության փաթեթի հաստատմանը, մի ակնթարթում իրավիճակ չի կարող փոխվել, և առաջիկայում ռուսական ուժերը կարող են հաջողություններ գրանցել մարտի դաշտում:
Սալիվանը նշել է, որ ԱՄՆ ռազմական աջակցությունը կօգնի Կիևին «պահել պաշտպանության գիծը և այս տարի դիմակայել ռուսական հարձակումներին»։ Ըստ Ջո Բայդենի օգնականի՝ 2025 թվականին ուկրաինական զորքերը պատրաստվում են «առաջ շարժվել՝ վերադարձնելու կորցրած տարածքները»։
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը հակահարձակման ծրագիր ունի, բայց դա կախված է զենքի մատակարարումներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։